Պլանշետը որպես ուսումնական գործիք

Մեր առօրյայում պլանշետները բավականին նոր երևույթ են: Դրանց  կիրառումը ուսումնական գործընթացում առաջ բերեց բազմաթիվ տարակարծություններ: Մի խումբ ծնողների մեջ մի տեսակ վախ առաջացավ, որ պլանշետը բթացնելու է, առաջացնելու է կախվածություն: Մի մասն էլ գտնում էր, որ եթե այն գործածվի ճիշտ ձևով, նպատակայնորեն, ապա կարող է շատ լավ կրթական գործիք ծառայել երեխաների համար:

Մեր կարծիքով, պլանշետները զգալի  ազդեցություն ունեն ժամանակակից սերնդի վրա: Իմ երեքամսյա ուսումնական պլանշետային գործունեությունը հինգ տարեկանների խմբում ցույց է տվել, որ պլանշետը օգտագործելով՝ հաջողվում է  կենտրոնացնել սովորողի ուշադրությունը, բարձրացնել պատկերավոր հիշողությունը: Սովորողները կարողանում են ինքնուրույնություն դրսևորել՝ նյութը ջնջել, բացել, փակել, փոփոխել և այլն, ինչն օգնում է հիշողության զարգացման հարցում: Ինչպես տարբեր խաղերը, այնպես էլ ուսուցումը պլանշետով սովորողի մեջ առաջացնում է ձգտում արագ հաղթելու, առաջադրանքը սխալ անելու դեպքում ջնջելու և ճիշտը գրելու հնարավորություն տալիս:  Պլանշետը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ: Պլանշետով երեխան կարող է փնտրել-գտնել իրեն անհրաժեշտ նյութը, սովորել, ինքնակրթվել, գտնել իրեն անհրաժեշտ խաղը, լուսանկարել, ձեռքով նկարել և այլն: Կարող է մանրամասն ուսումնասիրել գիտության, մշակույթի ցանկացած բնագավառ, ցանկացած ժամի և ցանկացած քանակությամբ: Եթե մեկ խոսքով ասենք, պլանշետը մեր մոլորակը և նրա բաղադրիչ կազմող յուրաքանչյուր մասնիկը լայնորեն և հանգամանալից ուսումնասիրելու լավագույն աշխատանքային գործիքն է բոլոր տարիքի և հատկապես նախակրթարանային տարիքի երեխաների համար:

Եզրակացություն`

Կարծում ենք, որ չափի մեջ, ըստ անհրաժեշտության ու ճիշտ գործածելու դեպքում պլանշետը կդառնա քսանմեկերորդ դարի կրթության լավագույն ուսումնական գործիքը թե’ տանը և թե’ դպրոցում ու առհասարակ` ամենուր:

Оставьте комментарий